Sunday, February 24, 2013

Գործեց

                                           

Տատիկս հիշողություններս գործեց իմ ձմեռային շարֆի  արանքներում,
Վզիս փաթաթվեց տաքությունը ապրվածի,
Ձմեռային ակնթարթի պես երկար իմ շարֆը սրբեց փողոցի ձյունը միաշերտ ու հալվող,
Պարելու ժամանակը ձմռան այս մեջտեղներում՝ լապտերներով լուսավորված ձմեռային  այս փողոցում
Անկյունում կրպակներ կան, որտեղ ես հանձնում եմ տատիկիս գործած բոլոր շարֆերը ձմեռային:
Այս մեկը հիշողությունից է գործել հատուկ իմ նման դեղնակտուցի համար:
Երեկոյի կարմիրն ու ձմռան սպիտակը,
Շերտավորված ուրախություն, պտույտ փողոցում
Զրնգուն ծիծաղ ու փաթիլներ՝ ձյունե:
Փողոցը չորս կողմից նրբանցքներ ուներ , փողոցը ապրում էր ձմեռայինը,
Վերարկուս հանեցի, որ ձուլվեմ ձմռան ֆոնին,բայց շարֆս թողեցի, որ տաքացնի...
Տատիկս ինձ շարֆ էր գործել՝ հիշողություններից թելի փոխարեն, տատիկս ինձ շարֆ էր տվել, տատիկս ինձ շարֆի հետ մի փոքր կյանք էր փոխանցել...
Փողոցը սուզվեց տխրության մեջ՝ լապտերները հանգան,
Վերարկուս հագա ու շարֆս կապեցի...
Թափառելու ժամանակը ուսիցս գցեցի ու ...ժպտացի մթությանը...


Saturday, February 23, 2013

Երգեմ

Ես ապրեցի քո ժամանակը՝  ինքս էլ չզգալով, որ օրը անցնում է կողքովս՝ ինձ քարշ տալով դեպի վաղվա վանդակը,
Հուսահատ գալիքից սարսափած Աստծուն՝ մենակ թողեցի իր վախերի հետ, գնացի սրբելու քարացած փոշին պատերից, երեսից , քեզնից
Դու նույնիսկ չնկատեցիր ջրաներկված ստվերս կապույտ,
Օդերը իջան ու կոկորդիցս բառեր հանեցին՝ կրկնված նորից ու նորից, նորից...
Միալար ճանճի բզզոցից նյարդերի խզումը լցրեց դատարկության սենյակը կանաչ,
Բաց պատուհաններից քամիները լողացին դեպի տան ետնամասը,
Փոշեզարդ հատակին տպվեց մարդկային երկու ոտնահետք,
Դռները բաց էին , պատուհաններն էլ, ես էլ արդեն ինքս ինձ բացել ու կապել էի առաստաղի մեծ մեխից, որ քամին օրորի հոգիս շիկացած...
Օրորոցային երգեմ սարսափած Աստծո համար, որ քնի ու չվախենա,
Քամին օրորի...
Երգեմ...օրորոցային...
Երգեմ....
Վախենամ....
Ընկնեմ... Կրկին բարձրանամ...
Երգեմ...

Sunday, February 3, 2013

Դուռ

Ես կնախընտրեի փակել այդ դուռը...



Սպասի'ր, դու խոսում ես այս դռան մասին,որով ինձ ներս թողեցիր,սպասի'ր վառեմ 

ծխախոտս...

Սիրում ես այրվող տերևի հոտը...


Մոխիրները և փակվող դուռը...


Հիմա կարելի է և փակել դուռը.այն արդեն ներս է թողել քամիների ու տերևներին 


տվել է ազատ ելք ու մուտքի իրավունք...

Իսկ դա գաղտնիք էր,գաղտնիք էր, գաղտնիք...

Հիմա անզորությունից ամբողջ ուժով փակում եմ դուռը,կոտրելու աստիճան  սեղմվում եմ 

դռան մաշված  փայտերին,պայքարում եմ քամու ,փոթորկի ու իմ անզորության դեմ...




Ես կնախընտրեի փակել դուռը... այդպես են հրաժեշտ տալիս ...փակելով...



Մոխիրները...




Քամին ու դուռը...




Ցտեսությու'ն...



2011թ.