Wednesday, September 25, 2013

Նե

...Վիժեցրեք հոգիս այս դատարկ անոթից մարմնական,
Կապեք այն ծառի այրված փչակին , որ սնվի ծառից ու բողբոջներ տա,
Հողին խառնվի, սևանա մի քիչ ու էլի ապրի,
Պոկոտեք ինձնից չարիքը ծնող արգանդն այս հսկա ու արյունատար ներսս ողողեք իմաստային ոչնչի հետքով...
Ձեր պատրանքային սրբացնող ծեսով զոհաբերեք այն աստվածներին հին...
Մեծ դանակներով կտրատեք այն ու մանր մասերը շաղախեք արյամբ,
Կերակրեք դրանք սոված գայլերին ու գազաններին հովտում թափառող,
Ճզմեք այն ոտքով, դարձրեք գինի ու արծաթազօծ ծանր բաժակով հրամցրեք այն մեռած կեսարին...
Օդը փոշոտեք վիժեցված հոգով իմ այնքաան մարդկային, որ բնականոն իրերի ներսում ցանկանում էր այն դառնալ վեհ աստվածային ու հրեշավոր այնքան...
Տարեք այն հեռու սարերի ծայրին, շաղ տվեք գետնին, ու ծաղիկների թույլ արմատներին իբրև զորացնող թուրմը թող լինի հոգին այս սին ու տակառային...

Thursday, September 19, 2013

Մինչև ապրես...

Հակառակի ծանրության էֆֆեկտը վզիցդ կախիր, որ ճաշակես ծանրությունը գլխիդ, ծորացող մտքիդ...
Անապատի քամիների նման չորությունը լցրու թոքերդ, որ ջուր ըմպելուց հասարակ ջուրը քո մրոտված գիտակցություն հասնի քաղցրի տեսքով...
Քարշ տուր ինքդ քեզ դեպի այնտեղը ու թող ավազին մնա քո երկար ու քրքրված հագուստի հետքը. անզգա մարմնիդ պատկերը...
Ապագան թաղվեց ապուրի հոտով ողողված այս քաղաքում,
Քարշ տուր ոտքերդ, քարշ տուր ինքդ քեզ, տար հեռու , վերացրու օդը վերջին քեզնից...
Անկարոտ աշունը արդեն սպասում է դռան առաջ, որ դուռը բացես ու տերևներ ներս խցկի, աներես ծերունու պես իր գոյությունը քեզ պարտադրի, ներսդ ճղոտի ու թողնի հեռանա:
Հետո.. վերադարձ դեպի ծխապատ այս քաղաքը, վառարանախեղդ այս միջավայրը, դեպի այս քնկոտ անցյալը...
Կողպիր դուռը, բանալին ներսդ խցկիր ու հաստատուն քայլերով մոռացիր...
Դու էլ տուն չունես, համակերպվի׳ր, 
Թող փողոցը դառնա քո կեցության կենտրոնը մինչև նոր տուն կգտնես ու ջերմություն, տանիք, բուխարի,, մի մաշված բազկաթոռ, լիքը փոշի, մենակութուն...
... Մինչև էլի թեթև կլինի,
Մինչև...