Thursday, June 13, 2013

Մի׳ վերնագրիր

Անտարբեր մի ցավ սկսում է ճյուղավորվել էությանդ մեջ, հասնում մինչև գիտակցություն, ուժեղանում ու պոկել չի լինում. ներաճում է մաաշկիդ տակ ու... մնում հավերժ...
Արմատներով ձգում ու բարձրացնում մաշկդ, որ ներսից հորդող տխրությունը շփվի օդի հետ ու ոչնչանա: Բոլորը թքեցին այն անոթի մեջ, որ հասարակական օգտագործման համար չէր. նրանց թվաց, որ դրսում դրվածը արժեքավոր չի լինում.արդեն շփվել է օդի հետ: Իրականություններից և ոչ մեկը հավատալու համար չէր. ցավոտ էր ու անընդունելի:
Իսկ դրսում դրվածը հաճախ ավելի հասուն տեսք ունի. արև է ընկել վրան:
... Մարդիկ սովոր են ներսինը տեսնել. պաշտպանված է: Դրսինը ջանք պիտի գործադրի ինքն իրեն պաշտպանելու համար. պատեր չկան: Պատերը հասարակական օգտագործման զուգարանի նման են՝ ունիվերսալ,ընդունելի. ոչ մեկ ուշադիր չի աղտեղությանը. կաղապարը կա, կընդունվի, հարմար է:
Պարանից կախված արժեքները քամին պոկեց. նոր էին լվացել...
Քաոս, որին երկրպագում են կուրացած ու հաճույքից լայնացած բբերով: Ո՞ր լեռան գագաթից գոռամ՝ մարդի~կ. լսող չի լինի.անձերը կարևոր չեն. ես-ը  ամեն ինչ է...
Բոլորը թքեցին այն անոթի մեջ, որ մաքուր ջուր էր լցված...իրենց թվաց հասարակական օգտագործման էր, իսկ իրենք թքելու պահանջմունք պիտի բավարարեին...
Ո՞ր լեռան գագաթից գոռամ՝ սիրե~ք . լսող չի լինի. շատ զբաղված են.գլուխը աջ ու ձախ թեքող չկա~
Ո՞ր կանաչից պսակ հյուսեմ ես բնության ու դնեմ ուրբանիզացված գլուխներին նրանց.կպոկեն ու վայրենու ձայնանման աղաղակով կստիպեն ուտել ...կանաչը, որ քաղաքի ծանր փոշին հանկարծ մի պահ չպակասի նրանց թոքից...
Հողոտված ամեն ինչ մի տեսակ կեղտոտի տպավորություն է թողնում ,մինչդեռ ամենաբնական հողն է նստած իրերի վրա. նրանք մաքրում են բնականը...
Արհեստական պարադոքսներ. ներքևինը հաշվի առնող չկա, իսկ վերևինը՝ բաղձալի այնքա~ն . ինչպե՞ս ,ինչպե՞ս պիտի տրորեք ձեր ուղեղի զարգացման պատմությունը, ձեր շերտերը հին, արխայիկ, Ինչպե՞ս պիտի հասնեք վերև, երբ ներքևը փուչ է, իսկ վերևը՝ անիրական :Ինչքան պիտի օդում կախված կեցությունը դուք օրորեք ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ իբրև հարգանք ասված խոսքին, դրված վարքին ու խրախուսված միօրինակին:
Բոլորը ուզում են դեռ էլի թքել, ոչ հասարակականը դարձնել հասանելի ու ... ոչնչացնել:
Մարդկությունը հակում ունի լճանալու...


Մենակությունը

Մենակությունը ծխախոտի հոտ ունի, ,մենակությունը քո հոտը ունի,սիրո հոտ ունի, մենակությունը ուժի հոտ ունի, մենակությունը ինքնաոչնչացում է , մենակությունը ողջ թաղվելն է մարդկանց կենսահորդումի մեջ, մենակությունը պիտի լցվի ինչ-որ բանով
Մենակությունը թոքերն են, մենակությունը խռպոտած իրականությունն է,աղճատված մտքերն են, դու ես,մենակությունը երեք հանգած գլանակներն են,մենակությունը ցավն է, որ պիտի թաղվի լքվածության կեղտի տակ: Մենակությունը մրոտված սիրտն է, մենակությունը սեպտեմբերի հոտ ունի,մենակությունը անձրևի մեջ է, որ այնքան չեմ սիրում ,մենակությունը հույս չունի: Մենակությունը պոռնիկ է, ով հավերժ կույսի հույս ունի: