Monday, May 12, 2014

Կանաչ

...Բունը... իմ է-ն
Ես կինն եմ նրա, ով հոգի չունի, թվում  է ՝ չունի
Կինն եմ մեկի, ով ամենուր է, ուր ասես, որտեղ է ...
Երկրպագում եմ նրա այն ուժին, որ արգանդս դեռ պիտի լիցք անի մարդկային սաղմով...
Երկրպագում եմ  ես այն սկզբերին, որ իմն էլ չէր, ինձնից առաջ էր ու իմ մեջ...
Ես գալարվում եմ նրա այն գրկում, որ անգիտակից է  ու գույներ ունի...
Ես շատերի պես չեմ նայում նրան միայն, ես տեսնում եմ այն,,,
Ես լեզու ունեմ. նա է տվել, բայց ես չեմ խոսում, ուզում եմ ասել...
Խշխշոցը  տերևների ու ծառի միջով վազող հյութերի լեզուները վհուկի նման ես պիտի սերտեմ, որ արժանի լինեմ կինը կոչվելու ...արարվածի...արևածի, արևամուտի, արևասկզբի...
Քրմուհին եմ ես այդ բաց տաճարի կանաչով օծված ու ցողահոտ...
Երկրպագում եմ... իմ է-ն, բունն իմ...
Քրմուհին եմ ես ...բնականի , բնության ուժի.
Ծաղիկները զարդերն են իմ,
Հմայքս անկատարությունից է կատարյալի պես ու բնության պես...
Ես զավակն եմ  սև  ու կոշտավուն հողակտորի...
Ու պսակված եմ հավերժ ես այն կանաչին, որ արևից  է , բուն է , բնություն...

Thursday, March 6, 2014

Սև մազերով աղջիկն ու հայելին

... Իմ ու հայելու արանքում հայացքներն են նրանց, ովքեր ուրվականի պես անցան
Կուրության վարակը...
Ես նայում եմ ու չեմ տեսնում ինձ այնտեղ ՝ պատին ամրացված մեծ հսկա հայելում,
Սևը միակ գույնն է
Այս արանքների բոլոր ծեփերը փակված են միայն նրանց ստվերով, իսկ ես կույր ու սև
Սևը  արևից է
Իսկ արևը...կուրացնում է

Thursday, October 3, 2013

Հերթ

...Պոռնկատան առջև կուտակված հերթեր,
Սիրո դեֆիցիտ,
Կենսակերպի հայելային արտացոլումը միայն
Սարկազմը՝ Աստված
Բաքոսյան խնջույքներից փախչող, բայց Բաքոսին իրենց մեջ կրողները...
Արյան երկրպագություն
Մարմնի ձայնը լսելը իսպառ վերացավ
Հասարակական շուկաների աղմուկ-աղաղակները սկսեցին այն ուժով մեր ներսում զրգալ, որ խելագարությունը միակ ելքը թվաց
...Ու խելագարվեցին, չէ, հանճարեղ խելագարություն չէր դա:
Նրանց աչքերում կենդանու՝ հարձակման պատրաստի հայացքը սառեց հավերժ ու սկսեցին կրծել՝ մեկմեկու կոկորդ ու ոտքեր :
...Ու սկսեցին կողոպտել իրար տարածքներ
...Ու սկսեցին բացել միմյանց վերքեր ու աղեր ցանել այդ վերքերին թաց  ու ցավեցրին միմյանց
Կենդանին արթնացել էր՝ հետևանք այն բանի, որ առողջ բնազդին լսելիս մարդը իրեն երևակայել էր իբրև բարձրագույնը՝ արարվածը, եզակին...
...Ու սկսվեց քաոսը
Մարդիկ մտածեցին հերքել արդեն հերքվածը ու հերոսություն համարեցին կողքինին տրորելն ու փոշի դարձնելը,
Մարդիկ մտածեցին, որ կողքինը պետք է անպայման իրենց նման լինի, որ նա իրավունք չունի ուրիշ լինելու,
Որ նրա ուրիշ լիենլը խախտում է մարդկության սահմանափակությունը ու դա վատ է...
...Ու դրվեցին առաջին սահմանները
Գործեցին հսկայական ցանց մարդկության մտքի վրա,
Բռնաբարության նման մի բան էր...
Գործում են, հիմա էլ...
Բոլորը բռնաբարվում են անխտիր՝ ուղեղից
Գործում են հիմա էլ ու ճզմում են առողջ միտքը այնքան, որ հանկարծ չմնա կենդանի որևէ բջիջ՝ մտածելու
Ցինիզմը դարձավ միակ պաշտպանությունը մարդու. այլ պաշտպանություն նա ունակ չէր ընկալելու
...Ու մարդը սկսեց կրքոտ պաշտպանել սեփական գոյը՝ դա միակն էր թվում նրան համատարածին չպատկանելու համար
...Ու մարդը սկսեց թպրտալ սեփական ցանցանման տարածքում,
...Շնչահեղձության առաջին նշանները կապտեցրին կոպերը նրա...
Մարդը սկսեց կուրանալ
Կուրության առաջին նշաններից մեկը սահմանափակ տեսողությունն էր՝ հարմարեցված համատարածին. հեշտ էր, այլ կերպ ՝ մարդը դատապարտվում էր ահռելի ցավերի:
Ցավոտ էր...
Ազատությունը վեր էր աճել հսկայական լեռների ու պատրանքի պես մի բան էր դարձել՝ ավելի անազատ դարձնելով ...
Արժեքները խտացած գոլորշու մեջ հեղձուկի էին ենթարկվում...
Սրտխառնոցի ուժեղ նոպան հետ բերեց ամբողջ մարսվածը...
Ցավոտ էր...
Պոռնկատան առջև հերթեր են գոյացել...
Սերը այնքան դեֆիցիտ է, որ մարդիկ որոշեցին կեղծել,
Սերը սկսեց դուրս գալ ներսից ու տպվեց առաջին թղթի, առաջին կտավի  ու արտացոլվեց առաջին արժեզրկված բառի մեջ...
Ես հիշում եմ ՝ պոռնկատան առջև հսկայական հերթ էր գոյացել ու միակ ռոմանտիկան ՝ կեղծ էր ու անձրևն էր...

Wednesday, September 25, 2013

Նե

...Վիժեցրեք հոգիս այս դատարկ անոթից մարմնական,
Կապեք այն ծառի այրված փչակին , որ սնվի ծառից ու բողբոջներ տա,
Հողին խառնվի, սևանա մի քիչ ու էլի ապրի,
Պոկոտեք ինձնից չարիքը ծնող արգանդն այս հսկա ու արյունատար ներսս ողողեք իմաստային ոչնչի հետքով...
Ձեր պատրանքային սրբացնող ծեսով զոհաբերեք այն աստվածներին հին...
Մեծ դանակներով կտրատեք այն ու մանր մասերը շաղախեք արյամբ,
Կերակրեք դրանք սոված գայլերին ու գազաններին հովտում թափառող,
Ճզմեք այն ոտքով, դարձրեք գինի ու արծաթազօծ ծանր բաժակով հրամցրեք այն մեռած կեսարին...
Օդը փոշոտեք վիժեցված հոգով իմ այնքաան մարդկային, որ բնականոն իրերի ներսում ցանկանում էր այն դառնալ վեհ աստվածային ու հրեշավոր այնքան...
Տարեք այն հեռու սարերի ծայրին, շաղ տվեք գետնին, ու ծաղիկների թույլ արմատներին իբրև զորացնող թուրմը թող լինի հոգին այս սին ու տակառային...

Thursday, September 19, 2013

Մինչև ապրես...

Հակառակի ծանրության էֆֆեկտը վզիցդ կախիր, որ ճաշակես ծանրությունը գլխիդ, ծորացող մտքիդ...
Անապատի քամիների նման չորությունը լցրու թոքերդ, որ ջուր ըմպելուց հասարակ ջուրը քո մրոտված գիտակցություն հասնի քաղցրի տեսքով...
Քարշ տուր ինքդ քեզ դեպի այնտեղը ու թող ավազին մնա քո երկար ու քրքրված հագուստի հետքը. անզգա մարմնիդ պատկերը...
Ապագան թաղվեց ապուրի հոտով ողողված այս քաղաքում,
Քարշ տուր ոտքերդ, քարշ տուր ինքդ քեզ, տար հեռու , վերացրու օդը վերջին քեզնից...
Անկարոտ աշունը արդեն սպասում է դռան առաջ, որ դուռը բացես ու տերևներ ներս խցկի, աներես ծերունու պես իր գոյությունը քեզ պարտադրի, ներսդ ճղոտի ու թողնի հեռանա:
Հետո.. վերադարձ դեպի ծխապատ այս քաղաքը, վառարանախեղդ այս միջավայրը, դեպի այս քնկոտ անցյալը...
Կողպիր դուռը, բանալին ներսդ խցկիր ու հաստատուն քայլերով մոռացիր...
Դու էլ տուն չունես, համակերպվի׳ր, 
Թող փողոցը դառնա քո կեցության կենտրոնը մինչև նոր տուն կգտնես ու ջերմություն, տանիք, բուխարի,, մի մաշված բազկաթոռ, լիքը փոշի, մենակութուն...
... Մինչև էլի թեթև կլինի,
Մինչև...



Thursday, June 13, 2013

Մի׳ վերնագրիր

Անտարբեր մի ցավ սկսում է ճյուղավորվել էությանդ մեջ, հասնում մինչև գիտակցություն, ուժեղանում ու պոկել չի լինում. ներաճում է մաաշկիդ տակ ու... մնում հավերժ...
Արմատներով ձգում ու բարձրացնում մաշկդ, որ ներսից հորդող տխրությունը շփվի օդի հետ ու ոչնչանա: Բոլորը թքեցին այն անոթի մեջ, որ հասարակական օգտագործման համար չէր. նրանց թվաց, որ դրսում դրվածը արժեքավոր չի լինում.արդեն շփվել է օդի հետ: Իրականություններից և ոչ մեկը հավատալու համար չէր. ցավոտ էր ու անընդունելի:
Իսկ դրսում դրվածը հաճախ ավելի հասուն տեսք ունի. արև է ընկել վրան:
... Մարդիկ սովոր են ներսինը տեսնել. պաշտպանված է: Դրսինը ջանք պիտի գործադրի ինքն իրեն պաշտպանելու համար. պատեր չկան: Պատերը հասարակական օգտագործման զուգարանի նման են՝ ունիվերսալ,ընդունելի. ոչ մեկ ուշադիր չի աղտեղությանը. կաղապարը կա, կընդունվի, հարմար է:
Պարանից կախված արժեքները քամին պոկեց. նոր էին լվացել...
Քաոս, որին երկրպագում են կուրացած ու հաճույքից լայնացած բբերով: Ո՞ր լեռան գագաթից գոռամ՝ մարդի~կ. լսող չի լինի.անձերը կարևոր չեն. ես-ը  ամեն ինչ է...
Բոլորը թքեցին այն անոթի մեջ, որ մաքուր ջուր էր լցված...իրենց թվաց հասարակական օգտագործման էր, իսկ իրենք թքելու պահանջմունք պիտի բավարարեին...
Ո՞ր լեռան գագաթից գոռամ՝ սիրե~ք . լսող չի լինի. շատ զբաղված են.գլուխը աջ ու ձախ թեքող չկա~
Ո՞ր կանաչից պսակ հյուսեմ ես բնության ու դնեմ ուրբանիզացված գլուխներին նրանց.կպոկեն ու վայրենու ձայնանման աղաղակով կստիպեն ուտել ...կանաչը, որ քաղաքի ծանր փոշին հանկարծ մի պահ չպակասի նրանց թոքից...
Հողոտված ամեն ինչ մի տեսակ կեղտոտի տպավորություն է թողնում ,մինչդեռ ամենաբնական հողն է նստած իրերի վրա. նրանք մաքրում են բնականը...
Արհեստական պարադոքսներ. ներքևինը հաշվի առնող չկա, իսկ վերևինը՝ բաղձալի այնքա~ն . ինչպե՞ս ,ինչպե՞ս պիտի տրորեք ձեր ուղեղի զարգացման պատմությունը, ձեր շերտերը հին, արխայիկ, Ինչպե՞ս պիտի հասնեք վերև, երբ ներքևը փուչ է, իսկ վերևը՝ անիրական :Ինչքան պիտի օդում կախված կեցությունը դուք օրորեք ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ իբրև հարգանք ասված խոսքին, դրված վարքին ու խրախուսված միօրինակին:
Բոլորը ուզում են դեռ էլի թքել, ոչ հասարակականը դարձնել հասանելի ու ... ոչնչացնել:
Մարդկությունը հակում ունի լճանալու...