Thursday, October 3, 2013

Հերթ

...Պոռնկատան առջև կուտակված հերթեր,
Սիրո դեֆիցիտ,
Կենսակերպի հայելային արտացոլումը միայն
Սարկազմը՝ Աստված
Բաքոսյան խնջույքներից փախչող, բայց Բաքոսին իրենց մեջ կրողները...
Արյան երկրպագություն
Մարմնի ձայնը լսելը իսպառ վերացավ
Հասարակական շուկաների աղմուկ-աղաղակները սկսեցին այն ուժով մեր ներսում զրգալ, որ խելագարությունը միակ ելքը թվաց
...Ու խելագարվեցին, չէ, հանճարեղ խելագարություն չէր դա:
Նրանց աչքերում կենդանու՝ հարձակման պատրաստի հայացքը սառեց հավերժ ու սկսեցին կրծել՝ մեկմեկու կոկորդ ու ոտքեր :
...Ու սկսեցին կողոպտել իրար տարածքներ
...Ու սկսեցին բացել միմյանց վերքեր ու աղեր ցանել այդ վերքերին թաց  ու ցավեցրին միմյանց
Կենդանին արթնացել էր՝ հետևանք այն բանի, որ առողջ բնազդին լսելիս մարդը իրեն երևակայել էր իբրև բարձրագույնը՝ արարվածը, եզակին...
...Ու սկսվեց քաոսը
Մարդիկ մտածեցին հերքել արդեն հերքվածը ու հերոսություն համարեցին կողքինին տրորելն ու փոշի դարձնելը,
Մարդիկ մտածեցին, որ կողքինը պետք է անպայման իրենց նման լինի, որ նա իրավունք չունի ուրիշ լինելու,
Որ նրա ուրիշ լիենլը խախտում է մարդկության սահմանափակությունը ու դա վատ է...
...Ու դրվեցին առաջին սահմանները
Գործեցին հսկայական ցանց մարդկության մտքի վրա,
Բռնաբարության նման մի բան էր...
Գործում են, հիմա էլ...
Բոլորը բռնաբարվում են անխտիր՝ ուղեղից
Գործում են հիմա էլ ու ճզմում են առողջ միտքը այնքան, որ հանկարծ չմնա կենդանի որևէ բջիջ՝ մտածելու
Ցինիզմը դարձավ միակ պաշտպանությունը մարդու. այլ պաշտպանություն նա ունակ չէր ընկալելու
...Ու մարդը սկսեց կրքոտ պաշտպանել սեփական գոյը՝ դա միակն էր թվում նրան համատարածին չպատկանելու համար
...Ու մարդը սկսեց թպրտալ սեփական ցանցանման տարածքում,
...Շնչահեղձության առաջին նշանները կապտեցրին կոպերը նրա...
Մարդը սկսեց կուրանալ
Կուրության առաջին նշաններից մեկը սահմանափակ տեսողությունն էր՝ հարմարեցված համատարածին. հեշտ էր, այլ կերպ ՝ մարդը դատապարտվում էր ահռելի ցավերի:
Ցավոտ էր...
Ազատությունը վեր էր աճել հսկայական լեռների ու պատրանքի պես մի բան էր դարձել՝ ավելի անազատ դարձնելով ...
Արժեքները խտացած գոլորշու մեջ հեղձուկի էին ենթարկվում...
Սրտխառնոցի ուժեղ նոպան հետ բերեց ամբողջ մարսվածը...
Ցավոտ էր...
Պոռնկատան առջև հերթեր են գոյացել...
Սերը այնքան դեֆիցիտ է, որ մարդիկ որոշեցին կեղծել,
Սերը սկսեց դուրս գալ ներսից ու տպվեց առաջին թղթի, առաջին կտավի  ու արտացոլվեց առաջին արժեզրկված բառի մեջ...
Ես հիշում եմ ՝ պոռնկատան առջև հսկայական հերթ էր գոյացել ու միակ ռոմանտիկան ՝ կեղծ էր ու անձրևն էր...

Wednesday, September 25, 2013

Նե

...Վիժեցրեք հոգիս այս դատարկ անոթից մարմնական,
Կապեք այն ծառի այրված փչակին , որ սնվի ծառից ու բողբոջներ տա,
Հողին խառնվի, սևանա մի քիչ ու էլի ապրի,
Պոկոտեք ինձնից չարիքը ծնող արգանդն այս հսկա ու արյունատար ներսս ողողեք իմաստային ոչնչի հետքով...
Ձեր պատրանքային սրբացնող ծեսով զոհաբերեք այն աստվածներին հին...
Մեծ դանակներով կտրատեք այն ու մանր մասերը շաղախեք արյամբ,
Կերակրեք դրանք սոված գայլերին ու գազաններին հովտում թափառող,
Ճզմեք այն ոտքով, դարձրեք գինի ու արծաթազօծ ծանր բաժակով հրամցրեք այն մեռած կեսարին...
Օդը փոշոտեք վիժեցված հոգով իմ այնքաան մարդկային, որ բնականոն իրերի ներսում ցանկանում էր այն դառնալ վեհ աստվածային ու հրեշավոր այնքան...
Տարեք այն հեռու սարերի ծայրին, շաղ տվեք գետնին, ու ծաղիկների թույլ արմատներին իբրև զորացնող թուրմը թող լինի հոգին այս սին ու տակառային...

Thursday, September 19, 2013

Մինչև ապրես...

Հակառակի ծանրության էֆֆեկտը վզիցդ կախիր, որ ճաշակես ծանրությունը գլխիդ, ծորացող մտքիդ...
Անապատի քամիների նման չորությունը լցրու թոքերդ, որ ջուր ըմպելուց հասարակ ջուրը քո մրոտված գիտակցություն հասնի քաղցրի տեսքով...
Քարշ տուր ինքդ քեզ դեպի այնտեղը ու թող ավազին մնա քո երկար ու քրքրված հագուստի հետքը. անզգա մարմնիդ պատկերը...
Ապագան թաղվեց ապուրի հոտով ողողված այս քաղաքում,
Քարշ տուր ոտքերդ, քարշ տուր ինքդ քեզ, տար հեռու , վերացրու օդը վերջին քեզնից...
Անկարոտ աշունը արդեն սպասում է դռան առաջ, որ դուռը բացես ու տերևներ ներս խցկի, աներես ծերունու պես իր գոյությունը քեզ պարտադրի, ներսդ ճղոտի ու թողնի հեռանա:
Հետո.. վերադարձ դեպի ծխապատ այս քաղաքը, վառարանախեղդ այս միջավայրը, դեպի այս քնկոտ անցյալը...
Կողպիր դուռը, բանալին ներսդ խցկիր ու հաստատուն քայլերով մոռացիր...
Դու էլ տուն չունես, համակերպվի׳ր, 
Թող փողոցը դառնա քո կեցության կենտրոնը մինչև նոր տուն կգտնես ու ջերմություն, տանիք, բուխարի,, մի մաշված բազկաթոռ, լիքը փոշի, մենակութուն...
... Մինչև էլի թեթև կլինի,
Մինչև...



Thursday, June 13, 2013

Մի׳ վերնագրիր

Անտարբեր մի ցավ սկսում է ճյուղավորվել էությանդ մեջ, հասնում մինչև գիտակցություն, ուժեղանում ու պոկել չի լինում. ներաճում է մաաշկիդ տակ ու... մնում հավերժ...
Արմատներով ձգում ու բարձրացնում մաշկդ, որ ներսից հորդող տխրությունը շփվի օդի հետ ու ոչնչանա: Բոլորը թքեցին այն անոթի մեջ, որ հասարակական օգտագործման համար չէր. նրանց թվաց, որ դրսում դրվածը արժեքավոր չի լինում.արդեն շփվել է օդի հետ: Իրականություններից և ոչ մեկը հավատալու համար չէր. ցավոտ էր ու անընդունելի:
Իսկ դրսում դրվածը հաճախ ավելի հասուն տեսք ունի. արև է ընկել վրան:
... Մարդիկ սովոր են ներսինը տեսնել. պաշտպանված է: Դրսինը ջանք պիտի գործադրի ինքն իրեն պաշտպանելու համար. պատեր չկան: Պատերը հասարակական օգտագործման զուգարանի նման են՝ ունիվերսալ,ընդունելի. ոչ մեկ ուշադիր չի աղտեղությանը. կաղապարը կա, կընդունվի, հարմար է:
Պարանից կախված արժեքները քամին պոկեց. նոր էին լվացել...
Քաոս, որին երկրպագում են կուրացած ու հաճույքից լայնացած բբերով: Ո՞ր լեռան գագաթից գոռամ՝ մարդի~կ. լսող չի լինի.անձերը կարևոր չեն. ես-ը  ամեն ինչ է...
Բոլորը թքեցին այն անոթի մեջ, որ մաքուր ջուր էր լցված...իրենց թվաց հասարակական օգտագործման էր, իսկ իրենք թքելու պահանջմունք պիտի բավարարեին...
Ո՞ր լեռան գագաթից գոռամ՝ սիրե~ք . լսող չի լինի. շատ զբաղված են.գլուխը աջ ու ձախ թեքող չկա~
Ո՞ր կանաչից պսակ հյուսեմ ես բնության ու դնեմ ուրբանիզացված գլուխներին նրանց.կպոկեն ու վայրենու ձայնանման աղաղակով կստիպեն ուտել ...կանաչը, որ քաղաքի ծանր փոշին հանկարծ մի պահ չպակասի նրանց թոքից...
Հողոտված ամեն ինչ մի տեսակ կեղտոտի տպավորություն է թողնում ,մինչդեռ ամենաբնական հողն է նստած իրերի վրա. նրանք մաքրում են բնականը...
Արհեստական պարադոքսներ. ներքևինը հաշվի առնող չկա, իսկ վերևինը՝ բաղձալի այնքա~ն . ինչպե՞ս ,ինչպե՞ս պիտի տրորեք ձեր ուղեղի զարգացման պատմությունը, ձեր շերտերը հին, արխայիկ, Ինչպե՞ս պիտի հասնեք վերև, երբ ներքևը փուչ է, իսկ վերևը՝ անիրական :Ինչքան պիտի օդում կախված կեցությունը դուք օրորեք ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ իբրև հարգանք ասված խոսքին, դրված վարքին ու խրախուսված միօրինակին:
Բոլորը ուզում են դեռ էլի թքել, ոչ հասարակականը դարձնել հասանելի ու ... ոչնչացնել:
Մարդկությունը հակում ունի լճանալու...


Մենակությունը

Մենակությունը ծխախոտի հոտ ունի, ,մենակությունը քո հոտը ունի,սիրո հոտ ունի, մենակությունը ուժի հոտ ունի, մենակությունը ինքնաոչնչացում է , մենակությունը ողջ թաղվելն է մարդկանց կենսահորդումի մեջ, մենակությունը պիտի լցվի ինչ-որ բանով
Մենակությունը թոքերն են, մենակությունը խռպոտած իրականությունն է,աղճատված մտքերն են, դու ես,մենակությունը երեք հանգած գլանակներն են,մենակությունը ցավն է, որ պիտի թաղվի լքվածության կեղտի տակ: Մենակությունը մրոտված սիրտն է, մենակությունը սեպտեմբերի հոտ ունի,մենակությունը անձրևի մեջ է, որ այնքան չեմ սիրում ,մենակությունը հույս չունի: Մենակությունը պոռնիկ է, ով հավերժ կույսի հույս ունի:

Thursday, April 25, 2013

Ինքնակենսագրական

Ես ծնվել եմ Հիպոկրատի երդումից:
Իմ էության մեջ մարդասիրությունը կուտակված է այնքան, որքան ձեր հոգիներում թախիծը, իմ երազանքները ծնվել են դրանից, իմ հոգին ամպուլայի պես փխրուն է ,թափանցիկ ու կենարար հեղուկ ունի իր մեջ:
Ես ծնվել եմ սպիտակ խալաթից, իմ մանկությունը անցել է հիվանդասենյակում:
 Բժշկական գործիքները իմ խաղալքիներն էին. խաղալիս իմ տիկնիկին դեղատոմս էի դուրս գրում:
Ես աշխարհը սկսել եմ ընկալել բժիշկների աչքերով:
Դեռևս մորս արգանդում ռացիոնալությունը խեղդել է ինձ այնքան, որ հույզերի տեղատարափը սողոսկել է իմ ՝ սաղմի յուրաքանչյուր բջիջ ու բույն դրել...
Սովորել եմ լսել մարդու գանգատները դեռ մակուց...
Հեծանիվն ու գրքերը իմ ընկերներն էին, Բիմիկն էլ, պապիկս էլ:
Ամառը ես անցկացնում էի ջրում , իսկ աշնանը դուրս էի գալիս ցամաք, որ ձմռանը չվեմ:
Պապիկս ասում էր, որ մեզնից մեկնումեկը պիտի գիտնական դառնա:
Իմ մանկությունը անցել է փայտե հատակի վրա՝ հոտը...
Գիշերները, որ բոլորը քնած էին, մեր ժամացույցը զանգ էր տալիս.մտնում էի վերմակի տակ.վախենում էի:
Աստիճաններից չէի իջնում ,այլ՝ սղղալով. կողքի ճաղերից էի իջնում :
Երեկոյան թաքնվում էի, որ պապան ինձ չտեսնի, որովհետև գիտեի, որ մեր "բերանբաց"  հարևանը էլի բողոքած կլիներ պապային, որ ես հեծիկ քշելիս մեքենայի տակ ընկնելուց եմ "պրծել":
Մեր հետևի շենքի երեխեքին հեչ չէի սիրում. չէի խաղում իրենց հետ. ընկերներ չունեի՝ քուրիկս էր: Տիկնիկների հետ կարգին չէինք վարվում ՝ ինչքան ասեղ գտնում էինք սրսկում էինք տիկնիկներին՝ ջուր:
Մի օր մեխով ծակել էի քուրիկիս ականջները ու որ պապան ջղայնանում էր ինձ վրա, ասեցի , որ  մեխը ախտահանել էի սպիրտով. պապան սկսեց ծիծաղել, իսկ ես հպարտ էի, որ "Ֆայմել  եմ" :
Պապիկը մահացավ...
Առավոտյան արթնացա, բոլորը լացում էին, ես էլ լացեցի, պապիկս էլ չկար, էլ ով էր ինձ քիթիկ-նոսիկ անելու, էլ ում հետ էի փեչի մեջ կարտոֆիլ խորովելու, էլ ով էր ինձ " անպետք տոտայի" մասին պատմելու, պապիկս էլ չկար: Առաջին կորուստ...
Հետո մյուս պապիկս,էլ ես ոչ մեկի " ճնճղուկը" չէի...
Գայանեն...
Որոշեցի , որ պետքա լավ ընկեր ունենալ, զանգեցի ու ասացի ու ունեցա...
Ամենաշատը ես սիրում էի նայել Գայանեի նկարելը ու գրելը, ձեռքի շարժումները:
Գայանեն...
Հետո...
Առաջին ու վերջին սերն իմ ...
Ու ... էլ չեմ հիշում...
Հիմա...
Ես ծնվել եմ մթությունից, լամպից ու սալյարկայից, ինձ սպասել են ուղիղ ինը ամիս...
Իմ հոգու մեջ այնքան թախիծ կա, որքան ուրախություն ձեր աչքերում...
Ես ծնվել եմ...


Ավարտի վերադասավորումը...

Տեղային անզգայացման նման մի բան եղավ. սկզբում հիշում ես բաղնիքի պատեր հիշեցնող հիվանդասենյակը, հետո բորբոսի հոտով քո անցյալը:
Անիրականի ճանապարհին հասկանում ես, որ սպասելիքները կլինիկական մահվան մեջ են, որը տևում է հավերժություն:
Ինչ-որ ճոճանակ քամուց օրորվող քեզ հիշեցնում է , որ ժամանակներ առաջ դու դեռ առջևում ունեիր  հսկայական փորձ մարդկային՝ խցկելու բբերիդ լայնացած խորշերում:
Ինչ-որ բարձրություն քեզ հիշեցնում է, որ դու ժամանակին ընկել ես:
Հետո... մաշկիդ վրա կամաց զգում ես նշտարի ՝ սենյակային ջեմաստիճանից տարբերվող սառնությունը ու առանց զգալու,տեսնում ես, որ քեզնից կաթում է կարմիր հեղուկը...
Ուժասպառ գլուխդ ետ ես գցում ու հայացքդ հառում ես առաստաղին` սպիտակ է...
Բերանումդ զգում ես արցունքի կաթիլների աղիությունը, ակնախորշերումդ կուտակվում է դեռ չզգացածի թախիծը...
Քեզնից կաթում է կարմիրը, դատարկում ես անոթներդ ... մեղքերից, հնարավոր բոլոր ելքերից , սերերից...
Դույլի մեջ կաթում ես դու կամաց-կամաց, անշտապ...
Դուրս ես հանում քո մեջ եղած կենսականը, գլուխդ էլի ետ ես գցում ու խոսում առաջին իսկ պատահած հալուցինացիայի հետ:
Սպիտակ սավանը կամաց հայտնվում է մարմնիդ վրա, չէ, դեռ չի ծածկում դեմքդ, դեռ ՝ ոչ...
Հետո հիվանդասենյակում տարածվում է մարդու սուր հոտ...
Մարմինդ սառում է, դույլը լցվում է, դեռ սավանը դեմքիդ չի հասել.տաք է ՝ դեմքդ:
Արցունքները չորացել են, աչքերումդ վերջին արևներն են...
Հիվանդասենյակը ճերմակ է մահվան պես ու ուղեղի հոտ ունի..
Սավանը դեռ դեմքիդ չի հասել, ճոճանակը օրորվում է՝ երեխա չկա, խաղահրապարակը ծածկվել է ամենաիսկական ավազով...
Դրսում քամու հետ վազում է ջերմությունը, իսկ կենսափորձը լցնում է դատարկ դույլը...
Տեղային անզգայացման նման մի բան ստացվեց...


Sunday, February 24, 2013

Գործեց

                                           

Տատիկս հիշողություններս գործեց իմ ձմեռային շարֆի  արանքներում,
Վզիս փաթաթվեց տաքությունը ապրվածի,
Ձմեռային ակնթարթի պես երկար իմ շարֆը սրբեց փողոցի ձյունը միաշերտ ու հալվող,
Պարելու ժամանակը ձմռան այս մեջտեղներում՝ լապտերներով լուսավորված ձմեռային  այս փողոցում
Անկյունում կրպակներ կան, որտեղ ես հանձնում եմ տատիկիս գործած բոլոր շարֆերը ձմեռային:
Այս մեկը հիշողությունից է գործել հատուկ իմ նման դեղնակտուցի համար:
Երեկոյի կարմիրն ու ձմռան սպիտակը,
Շերտավորված ուրախություն, պտույտ փողոցում
Զրնգուն ծիծաղ ու փաթիլներ՝ ձյունե:
Փողոցը չորս կողմից նրբանցքներ ուներ , փողոցը ապրում էր ձմեռայինը,
Վերարկուս հանեցի, որ ձուլվեմ ձմռան ֆոնին,բայց շարֆս թողեցի, որ տաքացնի...
Տատիկս ինձ շարֆ էր գործել՝ հիշողություններից թելի փոխարեն, տատիկս ինձ շարֆ էր տվել, տատիկս ինձ շարֆի հետ մի փոքր կյանք էր փոխանցել...
Փողոցը սուզվեց տխրության մեջ՝ լապտերները հանգան,
Վերարկուս հագա ու շարֆս կապեցի...
Թափառելու ժամանակը ուսիցս գցեցի ու ...ժպտացի մթությանը...


Saturday, February 23, 2013

Երգեմ

Ես ապրեցի քո ժամանակը՝  ինքս էլ չզգալով, որ օրը անցնում է կողքովս՝ ինձ քարշ տալով դեպի վաղվա վանդակը,
Հուսահատ գալիքից սարսափած Աստծուն՝ մենակ թողեցի իր վախերի հետ, գնացի սրբելու քարացած փոշին պատերից, երեսից , քեզնից
Դու նույնիսկ չնկատեցիր ջրաներկված ստվերս կապույտ,
Օդերը իջան ու կոկորդիցս բառեր հանեցին՝ կրկնված նորից ու նորից, նորից...
Միալար ճանճի բզզոցից նյարդերի խզումը լցրեց դատարկության սենյակը կանաչ,
Բաց պատուհաններից քամիները լողացին դեպի տան ետնամասը,
Փոշեզարդ հատակին տպվեց մարդկային երկու ոտնահետք,
Դռները բաց էին , պատուհաններն էլ, ես էլ արդեն ինքս ինձ բացել ու կապել էի առաստաղի մեծ մեխից, որ քամին օրորի հոգիս շիկացած...
Օրորոցային երգեմ սարսափած Աստծո համար, որ քնի ու չվախենա,
Քամին օրորի...
Երգեմ...օրորոցային...
Երգեմ....
Վախենամ....
Ընկնեմ... Կրկին բարձրանամ...
Երգեմ...

Sunday, February 3, 2013

Դուռ

Ես կնախընտրեի փակել այդ դուռը...



Սպասի'ր, դու խոսում ես այս դռան մասին,որով ինձ ներս թողեցիր,սպասի'ր վառեմ 

ծխախոտս...

Սիրում ես այրվող տերևի հոտը...


Մոխիրները և փակվող դուռը...


Հիմա կարելի է և փակել դուռը.այն արդեն ներս է թողել քամիների ու տերևներին 


տվել է ազատ ելք ու մուտքի իրավունք...

Իսկ դա գաղտնիք էր,գաղտնիք էր, գաղտնիք...

Հիմա անզորությունից ամբողջ ուժով փակում եմ դուռը,կոտրելու աստիճան  սեղմվում եմ 

դռան մաշված  փայտերին,պայքարում եմ քամու ,փոթորկի ու իմ անզորության դեմ...




Ես կնախընտրեի փակել դուռը... այդպես են հրաժեշտ տալիս ...փակելով...



Մոխիրները...




Քամին ու դուռը...




Ցտեսությու'ն...



2011թ.





Wednesday, January 9, 2013

Ես

...Ես չեմ ուզում լինել Ես...
...Երևի ապրեմ ինչպես դու՝ առանց ես...
Երևի հագնեմ քեզ իմ ներսից ու կոճկեմ կոճակներս Ես-ի
Չապրեմ իմ կյանքը ինձ հետ,
Դու ուզում ես ինձ հետ, իմ մեջ  ու ես ապրել, իմ ես-ն ապրել ու անվստահ հրաժեշտ տալ...
Քե՞զ...
Քե՞զ... մոլեգին մի համբույրով կամ էլ ներսդ՝ արցունքներով...
Հոգիս ձուլիր քո պատերին՝ դրսից, ներսից, առաստաղին...
Կապույտ ներկիր եսակենտրոն ճանապարհդ ու քո ես-ից քայլիր դեպի նրա դու-ն ու գտիր այնտեղ ես-դ կորած...
Դժվար է չէ՞...ապրել դու-յով, առանց ես-ի եսակնտրոն ճանապարհով, դժվար է չէ՞...
Լուռ հեռանալը կոճկած ես-իդ ներսի կողմից...
Ես-ով արգելվում է ապրել երկար  ...
                                                               6.01. 11 թ.